Սատանան մայրամուտին

Դօրիան ․, 2009

«Շյուղեր» հյուրանոցի երիտասարդ մատուցողի կյանքը կտրուկ փոխվում է, երբ խորհրդավոր այցելուն նոր աշխատանք է առաջարկում նրան: Ֆինանսական ծանր պայմաններում ապրող և առողջական լուրջ խնդիրներ ունեցող տղան հասկանում է, որ դժվարին կացությունից դուրս գալու միակ ելքը պարոնի առաջարկն ընդունելն է: «Սատանան մայրամուտին» վիպակն առաջին անգամ հրապարակվել է 2009 թվականի գարնանը, նույն տարվա օգոստոս ամսին այն արժանացել է «Ինքնագիր» գրական մրցանակին: 2010 թվականի նոյեմբերին տպագրվել է «Ինքնագիր» գրական հանդեսում` դառնալով միասեռականների մասին պատմող Հայաստանում երբևէ տպագրված առաջին աշխատանքը:

Оглавление

  • Սատանան մայրամուտին

* * *

Приведённый ознакомительный фрагмент книги Սատանան մայրամուտին предоставлен нашим книжным партнёром — компанией ЛитРес.

Купить и скачать полную версию книги в форматах FB2, ePub, MOBI, TXT, HTML, RTF и других

Դօրիան

Սատանան մայրամուտին

© Դօրիան — 2017

[битая ссылка] Հեղինակի անձնական կայքը

[битая ссылка] Գրքի էջը և [битая ссылка] Հեղինակի էջը Ֆեյսբուքում

[битая ссылка] Գրքի էջը և [битая ссылка] Հեղինակի էջը Գուդռիդսում

Սատանան մայրամուտին

1. Կարիք

Գլխացավն անուշադրության էր մատնած․ Դավիթն արդեն սովոր էր դրա մշտական ներկայությանը՝ հատկապես անքուն գիշերվանից հետո: Այսօր սովորականից ավելի հոգնած էր վերադարձել: Գիշերը գործը շատ էր եղել, ու եթե մյուս օրերին հաջողացնում էր մի տեղ աչք կպցնել, այսօր դա էլ չէր հաջողվել: Անգամ ալարեց հագուստը հանել: Տուն չմտած՝ պառկեց բազմոցին ու փորձեց քնել: Հաջող փորձ էր:

Արթնացավ, երբ Վիգենը պատրաստվում էր հեռանալ: Այցի էր եկել ընկերոջը, բայց, իմանալով, թե ինչ վիճակում է նա տուն եկել, որոշել էր չարթնացնել՝ թողնել, որպեսզի կարգին հանգստանա:

— Վիգեն, — կիսաքուն ձայն տվեց Դավիթը, — զարթնել եմ, էստեղ արի:

— Է, ախպերս, էշից ընկած ես, — սենյակ մտավ Վիգենը:

— Էն խոսքը չի, — պատասխանեց Դավիթը, ապա այս ու այն կողմ նայեց` ինչ-որ բան փնտրելով, և կանչեց, — Մա՞մ:

— Հա ջան, — խոհանոցից լսվեց տիկին Սաթենիկի ձայնը:

— Ինձ ու Վիգենին կոֆե կդնե՞ս:

— Ո՞նց չեմ դնի, — բղավեց տիկին Սաթենիկը և, ամենայն հավանականությամբ, թողնելով բոլոր գործերը, ձեռնամուխ եղավ որդու պատվերը կատարելուն:

Դավիթը վեր կացավ բազմոցից և Վիգենի հետ իր ննջասենյակ գնաց: Հազիվ էր ոտքի վրա կանգնում, և Վիգենն անմիջապես նկատեց դա:

— Կարգին չլել են քեզ, Դավ: Հիվանդ պառավի պես ես քայլում:

— Ոռի օր էր, Վիգ: Ամբողջ գիշեր ստեղ վազի, ընդեղ վազի: Կզցրին իրենց պատվերներով: Էս համար էն զիբիլը տար, մյուսին մի ուրիշ զիբիլ: Չգիտե՞ս:

Վիգենը կարեկցանքով նայեց ընկերոջը: Ի՞նչ աներ: Ոչնչով չէր կարող օգնել, չնայած ավելի ապահովված էր, քան նա:

Անհայր տղա էր Դավիթը: Կարիքի մեջ էին ապրում նա ու մայրը: Տիկին Սաթենիկը կար ու ձև էր անում, մի քանի լավ պատվիրատու ուներ: Կարողանում էր օրվա հացը վաստակել: Յոլլա էր տանում: Երկու տարի էր մնում, որ Դավիթն ավարտեր համալսարանը: Մինչ այդ պիտի մի կերպ ծերը-ծերին հասցներ Սաթենիկը, տղան ամբողջ վաստակածով իր ուսման վարձն էր տալիս և դեռևս չէր օգնում նրան: Դավիթը սովորող էր, խելացի, գեղեցիկ: Բակի գրեթե բոլոր աղջիկների ուշադրության առարկան: Ինչպես Սաթենիկն էր ասում՝ Աստված տվել, չէր խնայել:

Տարուց ավել էր, ինչ փոքրիկ հյուրանոցում էր աշխատում: Նրանցից մեկում, ուր հարուստները տանում են իրենց սիրուհիներին, իսկ ջահել տղաները՝ պոռնիկների: Չնայած դրան, հյուրանոցը լավ համբավ էր վայելում քաղաքում: Իր ռեստորանն ուներ, շքեղ խոհանոցը, որտեղ նաև կերակուրի պատվերներ էին ընդունում: Սաթենիկը միշտ հպարտությամբ էր նշում, թե որտեղ է աշխատում որդին: Քչերին էր հայտնի, թե ինչ է կատարվում լավ համբավ վայելող այդ հյուրանոցի տանիքի տակ:

Ժամանակ առ ժամանակ Դավիթն էլ էր չարաշահում իր աշխատանքային դիրքը և Վիգենի հետ հյուրանոց տանում մարմնավաճառուհիների: Աշխատակիցները սովոր էին երիտասարդ աշխատողների նման պահվածքին և հումորով էին վերաբերվում դրան՝ չդարձնելով բամբասանքների պատճառ: «Շյուղեր» կոչվող փոքրիկ հյուրանոցը փոխել էր ամբողջ իր անձնակազմի մտածելակերպը: Այնտեղ ամեն ինչ պարզ էր, ակնհայտ ու սովորական: Դավիթն իրեն լավ էր զգում «Շյուղերում»: Իհարկե, չէր կարող ասել, թե հաճույքով է աշխատում, բայց մինչև վերջերս ոչ էլ բողոքում էր: Միայն մեկ ամիս առաջ սկսվեց անտանելի այս գլխացավը: Երբեմն, երբ միանգամից ստվերից լուսավոր վայր էր դուրս գալիս, աչքերի առաջ սևանում էր, ու ցավն անտանելի ուժգնությամբ հարվածում էր ծոծրակին: Դժվար էր արթնանում: Արթնանալուց հետո էլ մի որոշ ժամանակ հազիվ էր կառավարում մարմինը: Երբեմն կասկածում էր, որ արթնացել է՝ փորձում էր ավելի ուշադիր զննել շուրջբոլորը, համոզվել, որ ամեն ինչ իրական է, որ տիրապետում է իրեն, նորմալ է ընկալում տեղի ունեցողը:

— Էս էլ ձեր կոֆեն, — սենյակ մտավ տիկին Սաթենիկը` բերելով սուրճի բաժակները, — Ծանր օր էր, հա՞, Դավիթ ջան:

— Չէ, մամ ջան, ուղղակի քունս էր շատ տանում:

— Լրիվ քունդ կորցրել ես, այ բալա: Գոնե ցերեկն առնես:

— Առել եմ մամ ջան, առել եմ:

— Շատ քնելը լավ չի, Սաթիկ տոտա, — փորձեց ցրել Սաթենիկի մտքերը Վիգենը, — Բա ջահել տղեն կյանքի կեսը քնա՞ծ կանցկացնի:

— Հիմա եք էդպես ասում, այ բալա, վաղը-մյուս օրը կփոշմանեք` արդեն ուշ կլինի: Մի առողջություն ունեք, գոնե էդ պահպանեք:

Ու Սաթենիկը դուրս եկավ սենյակից` առանց սպասելու երիտասարդների պատասխանին: Դավիթն ուշադիր նայեց Վիգենի աչքերի մեջ:

— Վի՞գ:

— Հա՞:

— Գիշերը մի տղամարդ մոտեցավ, ասեց, որ ավելի լավ գործ կարա առաջարկի ինձ:

— Ի՞նչ տղամարդ:

— Ինչ-որ հաճախորդ էր: Կաստյում-շալվարով, գալստուկով… Սալիդնի մարդ էր երևում:

— Չասե՞ց, թե ինչ գործ:

— Չասեց: Համար տվեց, «համբալաշորի» գրպանում թողեցի: Վռազում էր, չէր կարա բացատրեր:

— Վաղը որ գործի գնաս, զանգի: Բալքի մի կարգին բան ա առաջարկում: Սենց հո չի լինի, այ ախպեր, զոմբի ես դառել:

Դավիթը մտածմունքի մեջ ընկավ: Ինքն էլ որոշել էր զանգել, բայց կասկածում էր: Ախր ոչ մի բան անել չգիտեր, ոչ դիպլոմ ուներ, ոչ էլ, գոնե, վկայական: Ի՞նչ գործ պիտի առաջարկեին իրեն: Կամ ինքն իրեն ինչպե՞ս պիտի ներկայացներ: Թերևս, եթե այդ մարդուն հետաքրքրեին իր դիպլոմները, նա նախ այդ մասին կհարցներ: Եթե չի հարցրել, ուրեմն կարելի է փորձել:

2. «Շյուղեր»

Երկուշաբթին «Շյուղերում» սովորաբար հանգիստ էր լինում: Այստեղ, առհասարակ, հանգիստ էր: Դավիթն աշխատանքի եկավ փոքր-ինչ շուտ: Վաղ ժամանումը ծրագրված չէր՝ պարզապես այդպես ստացվեց: Ամբողջ նախորդ օրը մտածում էր նոր աշխատանքի մասին, մտովի հաշվում վաստակած գումարը: Պարոնն այնպիսի վստահությամբ դիմեց իրեն, որ կարելի էր ենթադրել՝ քիչ փող չի տալու: Ավելի փոքր վարձատրություն նախատեսած մարդը պիտի որ ավելի անվստահ մոտեցում ցուցաբերեր: Իսկ նա վճռական էր, խիստ: Գործընկերներին բարևելով` Դավիթը հանդերձարան շտապեց, որպեսզի համազգեստի գրպանից վերցնի իրեն աշխատանք առաջարկած պարոնի հեռախոսահամարը:

— Յա, — Դավիթին այդքան վաղ հանդերձարանում տեսնելով զարմացավ Արմենը, — Էս էսօր սմենչիկներով որոշել ենք շուտ գանք, հա՞:

— Ոնց որ, — ծիծաղեց Դավիթն ու ձեռքով բարևեց Արմենին:

— Խեր ըլնի, էս ի՞նչ խաբար ա:

— Եսիմ։ Սովորական ժամին դուրս եկա, բայց շուտ տեղ հասա:

— Էսօր գազան օր ա սպասվում: Տենաս, թե ախպերդ ինչ ծիտիկ ա բերում: Արդեն խոսացած ա: Տասներկուսն անց կես ստեղ ա: Մարգո-մուրգո զգուշացնում ենք ու մեր կայֆերով:

— Ա՞րմ…

— Ի՛, — զարմացած Դավիթին նայեց Արմենը, — Լսար` ի՞նչ ասի:

— Լսեցի: Բայց ուզում էի ուրիշ բան հարցնեի: Անցած սմենին քեզ մա՞րդ չի մոտեցել:

— Ի՞նչ մարդ:

— Աշխատանք չե՞ն առաջարկել:

— Ու՞ր էր ինձ տենց բախտ: Բայց դժգոհել-մժգոհել չկա: Էսօր մեր օրն ա: Շեֆը ախպոր հետ Դուբայ ա գնացել: Իսկը վախտն ա: Ռուբոյին էլ մի շիշ արաղ ենք տալիս, ձենը կտրում ա:

Ու Արմենը՝ հագնելով համազգեստը, դուրս եկավ հանդերձարանից: Դավիթը դրան էլ սպասում էր: Չէր ուզում Արմենի մոտ խոսել: Հարկ չկար նախօրոք ասել հեռանալու իր մտադրության մասին: Նախ հարկավոր էր ամեն ինչ ճշտել, համոզվել, որ այն պարոնը կընդունի իրեն, հետո նոր հաշիվները մաքրել «Շյուղերում»:

Նա համազգեստի գրպանից հանեց հեռախոսահամարով թերթիկը և բջջայինի վրա հավաքեց համարը:

— Ալո, — պատասխանեց ծանոթ ձայնը:

— Բարև ձեզ: Դավիթն է: Դուք ինձ «Շյուղերում» տեսաք և աշխատանք առաջարկեցիք:

— Հա, հա, — միանգամից բացականչեց տղամարդը, — Եվ ի՞նչ: Համաձա՞յն եք:

— Դուք չեք ասել ինձ, թե ինչ աշխատանք եք առաջարկում: Նախ կուզենայի այդ մասին զրուցել:

— Շատ լավ: Մեկ-երկու ժամից էդտեղ կլինեմ: Հերթապա՞հ ես:

— Հա։

Տղամարդն անջատեց հեռախոսը, ու Դավիթը մտքերով ընկավ: Այդ ի՞նչ աշխատանք պիտի լիներ, որ հանուն իրեն կարևոր պարոնը «Շյուղեր» էր գալիս: Մի՞թե իր աշխատանքն այդքան անհրաժեշտ էր: Նա անմիջապես հիշեց իր տեսած Հոլիվուդյան ֆիլմերը, որտեղ նարկոբիզնեսի աշխատակիցները գործի մեջ էին մտցնում իր նման երիտասարդ տղաների, որոնց օգնությամբ կատարում էին իրենց կեղտոտ գործարքները: Ի՞սկ եթե: Եթե նույնիսկ այդպես էր, նա որոշեց համաձայնվել: Մեկ-երկու անգամը վտանգի տակ չէր դնի իրեն: Նարկոբիզնեսում մեծ փողեր են պտտվում: Մի քանի գործարքից հետո նա կունենար ոչ միայն մնացած երկու տարիների ուսման վարձը, այլև գումար ամեն ավելորդության համար: Վերջապես կկարողանար նոր հագուստ գնել իր և մոր համար, տունը վերանորոգել, իր համար նոր հեռախոս գնել, եթե փող մնար, նաև հեռուստացույց ու մոր համար լվացքի մեքենա` խեղճի ձեռքերը ճաքչքում էին լվացքից: Ո՞վ գիտե, գուցե Սաթենիկն էլ ստիպված չլիներ աշխատել և մյուս հարևանուհիների պես ամբողջ օրը սերիալ նայեր ու վայելեր կյանքը:

Դավիթը երազանքների գիրկն ընկած մտավ խոհանոց, ուր Արմենն ու մենեջեր տիկին Մարգոն վիճում էին:

— Այ չուզող, — Մարգոյին դիմեց Արմենը ու լեզու հանեց:

— Ի՞նչ ուզեի ոռ: Видишь ли, պիտի ուզեի, ոռ իմ հեռտապահության ժամանակ ես շատ չգիտեմ, թե ինչով զբաղվես, да не за что:

— Խի՞ չգիտես, որ: Լավ էլ գիտես: Աղջիկ եմ շինելու:

— Յա, — բարկացավ Մարգոն, — Այ տղա, մոռդ տայն եմ, խոսքեռդ ճափավոռի, кретин:

— Դե լավ, սեռական հարաբերությունների մեջ եմ մտնելու մի կնոջ հետ:

Մարգոն սեղանի վրայից վերցրեց դատարկ թավան:

— Գլխիդ էկավ, հա:

— Դու գլխիս եկար, դու: Ի՞նչ իսան ես, Մարգո: Թե ասա խի՞ եմ քեզ զգուշացնում: Կբերեի ծիխարի կմտցնեի, գործս կանեի, կուղարկեի հետ: Ո՞վ էր իմանալու:

— Դու հլը սռան նայի, սռա մտքեռը: Եռևում է ձեռ թոկեռը շատ ենք բաց թողել, контроль-ի տակից դուռս եք եկել: Հլը թող շեֆը գա:

— Ծակվելու՞ ես, այ դայաղչի:

Մարգոն թեև ժպտաց, բայց փորձեց ձևացնել, թե բարկացած է:

Մի տեսակ ընկերական սեր կար այս երկուսի միջև, որը նկատում էին բոլորը, բացի իրենցից:

— Անպետք, — թավան սեղանին դրեց Մարգոն, — Իմ էշ խելքն ասա, ոռ քեզ շուտ չհեռացռեցի, сама виновата:

— Դավ, — Դավիթի կողմը շրջվեց Արմենը, — Ես սրա հետ էլ չեմ կարում: Մի բան ասա:

— Դու քիչ էիռ, հիմա էլ նա: Ոչ մի բան էլ կառաք չասեք: Довольно, սա առդեն ոռեռորդ դեպքն ա:

— Հը՞, կոշկել են, տղեք, — խոհանոց մտավ երիտասարդ մի աղջիկ, որի հագին նույնպես համազգեստ էր:

— Տո սրանք պայմանավորվել են, — բերանը ձռմռեց Արմենը:

— Դավիթ, — գոռաց Մարգոն, բայց Դավիթը չարձագանքեց:

Երիտասարդ աղջիկը մոտեցավ և ձեռքը սկսեց շարժել նրա աչքերի առաջ: Դավիթը սթափվեց:

— Այ տղա, քեզ ի՞նչ եղավ, — դիմեց նրան Մարգոն:

— Սեքսի պակաս ա, — միջամտեց Արմենը, — Տղեն մեռնում ա, էլ չի դիմանում: Իսկ դու` Մարգո աղջիկ, վերջին հնարավորությունից ես զրկում:

— Սասդ կտռի, է, — բարկացավ Մարգոն, — Թող տեսնեմ, թե ինչ ա էղել:

— Բան էլ չի էղել, — պատասխանեց Դավիթը, — Մտքերով էի ընկել:

— Էս վերջերս շուտ-շուտ ես անջատվում, — ավելացրեց ջահել աղջիկը, — Կարո՞ղ ա իսկականից Արմենի ասածից ա:

— Ի՞նչ եմ ասել, — քմծիծաղ տալով նրան դիմեց Արմենը:

— Հի, հի, հի, — գլուխն օրորեց աղջիկը, — Շատ ծիծաղալու ա:

Անտանելի մի աղմուկ սկսվեց Դավիթի ականջներում: Նա չլսեց էլ, թե ինչ են խոսում գործընկերները: Մի պահ թվաց, թե ուր որ է կխլանա, կընկնի գետին: Շտապ հանգստի սենյակ գնաց ու նստեց բազկաթոռին, քանի դեռ վայր չի ընկել: Սակայն ոչինչ չպատահեց: Մի քանի վայրկյան անց ամեն ինչ իր տեղն ընկավ: Խոհանոցից լսվում էին Մարգոյի բղավոցն ու Արմենի հայհոյախառն արտահայտությունները: «Դե, Դավիթ, նորից բարի գալուստ աշխարհ», — ասաց մտքի մեջ ու նորից սկսեց իր ու պարոնի հանդիպման մասին մտածել: Որոշում էր, թե ինչպես պիտի վարվի` միանգամից համաձայնվի, թե նախ չեմ ու չում անի:

3. 100 եվրո

Տասնմեկն անց կես էր, երբ պարոնը «Շյուղեր» մտավ: Նկատելով նրան` Դավիթը առաջ գնաց, որպեսզի ողջունի: Արդեն ուզում էր ձեռքը մեկնել, երբ պարոնը, առանց իր վրա նայելու, կարգադրեց.

— Ինձ համար այն նույն համարը պատրաստեք, ինչ անցած անգամ:

Դավիթը ապշած էր: Չէր կարծում, որ խոսակցությունն այսպիսի ընթացք կունենար:

— Միայնա՞կ եք գիշերելու:

— Այո:

Եվ պարոնը բառի կողմ գնաց:

Դավիթը վերցրեց 16-րդ համարի բանալին և բարձրացավ երկրորդ հարկ, որտեղ էլ գտնվում էր սենյակների մեծամասնությունը: Բացեց դուռը, ստուգեց սենյակի մաքրությունն ու հիգիենայի միջոցների առկայությունը: Ամեն ինչ աչքի անցկացրեց և ուզում էր դուրս գալ, բայց մի պահ մեջը կասկած առաջացավ: Եթե պարոնը նարկոբիզնեսով է զբաղվում, նա, բնականաբար, պիտի խուսափեր օտար աչքերից: Հենց դրա համար էր ամբողջ այս թատրոնը: Իսկ ի՞նչ, եթե նա դիտմամբ է վերև ուղարկել իրեն: Դավիթը որոշեց սենյակում սպասել պարոնին: Քսան րոպե, կես ժամ, քառասուն րոպե, բայց պարոնը չկար: Ի վերջո, երիտասարդը որոշեց դուրս գալ: Նոր էր դուռը բաց արել, երբ իր առաջ դուրս եկավ Ռուբիկը: Հարբած։ Հազիվ էր ոտքերի վրա կանգնում:

— Այ Դավիթ, էս ո՞նց վախացրիր:

— Ի՞նչ ա եղել, Ռուբիկ:

Ռուբիկը ցուցամատը շուրթերին մոտեցրեց:

— Շշշ: Վերևում մարդ կա՞:

— Չկա, բայց գալու ա:

— Ձենդ, Դավիթ, ձենդ… Շատ ապասնի գործ ենք ֆռցընում: Բայց ես Ռուբիկը չըլնեմ, եթե էս գործը գլուխ չհանեմ: Այ, կտենաս: Ասա, էղե՞լ ա էսքան վախտ, որ մի բան ասեմ ու չանեմ: Դու ասա:

— Չէ, Ռուբիկ, չի եղել: Արի ներքև իջնենք: Հիմա հաճախորդ ա բարձրանալու:

— Արա, Դավիթ: Արա, քաշու՞մ ես, արա: Արա, չեմ ջոգում, արա, դու իմ վա՞տն ես ուզում, արա: Է՞դ ենք էղել:

— Չէ, Ռուբիկ: Քո մասին եմ մտածում, դրա համար էլ ասում եմ: Արի ներքև իջնենք:

— Չե՞ս զգում:

— Ի՞նչ:

— Որ ստեղ մի բան պտի կատարվի, Դավիթ:

Դավիթի սիրտը կասկած ընկավ: Մինչ այս կարծում էր, թե Ռուբիկի փոխարեն օղին է խոսում: Բայց տարօրինակ զգացում ունեցավ՝ մարմնով սարսուռ անցավ, աչքերի առաջ ասես ամպ լիներ: Ձեռքը հենեց պատին, որպեսզի վայր չընկնի:

— Ջան, ջան, — սկսեց աղմկել Ռուբիկը, — Էկան նորապսակները: Տղեք, մի հատ շախո՜վ:

— Ձենդ, Ռուբիկ, — մի կնոջ թևանցուկ արած մոտեցավ Արմենը, — Փոխանակ ծածկես, շուխու՞ռ ես անում:

— Վայ, մեռնեմ հոգուդ, հորս արև, թե ուզելով եմ արել: Չուզելով արեցի:

— Լավ, լավ, ներքև իջի, ապրես: Դավ, հելանք:

Դավիթը նոր-նոր էր սկսել հասկանալ, թե ինչ է կատարվում շուրջը: Մտքերը բոլորովին այլ կողմ էին, մի պահ չցանկացավ հավատալ, որ Ռուբիկը Արմենի արարքի մասին էր խոսում: Կարծում էր, թե որևէ գերբնական բան պիտի տեղի ունենար: Բայց արի ու տես, որ ոչ:

— Դավիթ, — կանչեց Արմենը, որն իր ուղեկցորդուհուն արդեն մտցրել էր համարներից մեկը, — Դե արի, հո տաս ժամ չե՞նք սպասելու:

Դավիթը գնաց այն սենյակ, որտեղ իրեն էին սպասում Արմենն ու մարմնավաճառուհին:

— Առաջինը ես եմ, — աչքով արեց Արմենը, — Նայու՞մ ես, թե՞…

— Գնամ լվացվեմ:

Դավիթը լոգարան մտավ: Հայելու մեջ նայեց իրեն: Աչքերի մեջ արյուն էր հավաքվել: Առաջին անգամ մտքով անցավ, որ, հնարավոր է` հիվանդ է: Ամեն ինչ դրա մասին էր խոսում: Չէր ցանկանում հավատալ: Նա չպիտի հիվանդանար: Նյարդերից շնչառությունն արագացավ: Անհնար էր ժխտել, որ իր հետ մի բան այն չէր: Վատ էր ու գնալով ավելի էր ծանրանում վիճակը: Գլուխը ջրի սառը շթի տակ պահեց: Կարծես միայն այդ պահին ուշքի եկավ: Չգիտեր, թե ինչքան ժամանակ էր, ինչ լոգարանում էր: Ասես այնտեղ քնած լիներ: Պատահմամբ հիշեց իրեն սպասող պարոնի մասին: Նույն րոպեին դուռը բաց արեց Արմենը: Մերկ էր ու քրտնած:

— Թռար ստուց, — դիմեց նա Դավիթին, — Պտի լողանամ ու ներքև իջնեմ: Թե չէ` Մարգոն կջոկի: Պահպանակն էդ քածին տվեցի, կվերցնես:

Դավիթը թողեց Արմենին և դուրս եկավ: Կինը նստած էր անկողնու վրա: Դավիթը մոլորված սեղանին մոտեցավ:

— Է՜ — կանչեց նրան կինը և երբ երիտասարդն իր կողմ շրջվեց, ցույց տվեց նրան ձեռքի պահպանակը, — Արի, իմ մոտ ա:

Դավիթը մոտեցավ կնոջը և սկսեց արձակել տաբատը: Այդ ժամանակ միայն հասկացավ, որ ոչինչ չէր զգում: Մտածեց, թե կինն այնքան էլ համակրելի չէր ու սկսեց վերհիշել տեսած բոլոր պոռնոֆիլմերը ու իր նախորդ անգամները, բայց ոչինչ չէր ստացվում: Լարված էր: Մտքերը շեղվում էին: Չէ, անհնար էր: Առաջին անգամ կյանքում նման խնդրի առաջ կանգնեց: Նա կոճկեց տաբատն ու դուրս եկավ սենյակից:

Միջանցքում էր, երբ պարոնի սենյակում շարժ լսեց: Մոտեցավ և թակեց դուռը:

— Մտեք, — ներսից ձայն տվեց պարոնը:

Դավիթը երկմտանքով ներս մտավ: Պարոնը նստած էր բազկաթոռին և ինչ-որ հեռուստածրագիր էր նայում:

— Փակեք դուռը, խնդրում եմ:

Դավիթը փակեց դուռը և հարցական հայացքով նայեց պարոնին: Պարոնը լուռ էր:

— Դուք ինձ չասեցիք, թե ինչ աշխատանք է:

Տղամարդը նայեց նրան ու ժպտաց:

— Հանիր վերնաշապիկդ:

— Ի՞նչ, — զարմացավ Դավիթը:

— Երիտասարդ, ես ասեցի հանիր վերնաշապիկդ:

— Ինչի՞ համար:

— Տղա չե՞ս: Ի՞նչ ես ամաչում:

Դավիթը որոշեց չշարունակել հարց ու փորձը: Վատ բան չկար նրանում, որ իրեն խնդրում էին հանել վերնաշապիկը: Հեղինակության վրա դրանից բիծ չէր լինի: Ճիշտ է, դա տարօրինակ խնդրանք էր, բայց քանզի պարոնը ոչինչ չէր բացատրում… Ո՞վ գիտե, գուցե իրեն էր փորձում: Տղան հանեց վերնաշապիկը և մոտակա աթոռի վրա դրեց: Պարոնը գրպանից հանեց դրամապանակը, փորփրեց այն և 50 եվրո դրեց սեղանի վրա:

— Շապիկդ էլ հանիր:

Դավիթը ոչինչ չէր հասկանում: Մի՞թե հիսուն եվրոն իրենն էր: Ինչի՞ համար: Միայն նրա՞, որ հանեց վերնաշապիկը: Նա շտապ մի կողմ նետեց շապիկը: Պարոնը դրամապանակից ևս հիսուն եվրո հանեց ու դրեց մյուսի վրա:

— Վերցրու: Կարող ես հագնվել և գնալ:

4. Երջանիկ կիրակի

Տիկին Սաթենիկը հալվա էր պատրաստել․ որդին շատ էր սիրում: Ուզում էր, որ գոնե կիրակի օրը մի յուրահատուկ բան ունենային տանը: Բացի այդ, Դավիթը վատ էր սնվում, իրեն բոլորովին չէր հետևում: Սաթենիկը նկատում էր, թե ինչպես է աչքերի առաջ նիհարում որդին: «Պիտի ամուսնանա», — պնդում էին հարևանուհիները և առաջարկում իրենց աղջիկների թեկնածությունը: Իհարկե: Ոչ միայն համակրելի տղա էր, այլ նաև սովորող ու պիտի որ լավ ապագա ունենար: Բոլոր նրանց համար, ովքեր հարուստ փեսաների հույս չունեին, Դավիթը լավագույն տարբերակն էր: Սաթենիկն ինքն էլ էր արդեն եկել այն համոզմանը, որ որդուն հարսնացու է պետք: Երբ հարևանների տուն էր գնում, կամ բակում նստած էր, աչքի տակ էր առնում ջահել աղջիկներին ու փորձում պարզել, թե ինչ ընտանիքից են, ով են, ծնողներն ովքեր են: Հարկավոր էր հնարավորինս շուտ հարս գտնել, այլապես որդին լրիվ հյուծվում էր: Ուր որ է քսան տարեկան էր դառնալու: Հարևան Վարսիկն ասում էր, եթե տղամարդն այդ տարիքում չսկսի սեռական կյանք վարել, հետագայում լուրջ հիվանդություններ ձեռք կբերի: Ու Սաթենիկի սիրտը վախ էր ընկել: Իր որդին հո այն անդաստիարակներից մեկը չէր, ով քարշ է գալիս մարմնավաճառուհիների հետ ու խաբում ջահել աղջիկներին: Նրան օրինական կին էր հարկավոր:

Լսվեց դռան ձայնը: Սաթենիկը առաջ գնաց և տեսավ որդուն` ձեռքին տոպրակներ:

— Էս ի՞նչ ա, Դավիթ:

— Մեր համար հագուստ եմ առել, մամ: Ինչքա՞ն պտի էս հին քրջերով ման գանք:

Դավիթը տոպրակները բազմոցի վրա դատարկեց ու սկսեց ցույց տալ, թե ինչ է գնել:

— Ճիշտ ա, մամ, թանկանոց շորեր չեն, բայց վատն էլ չեն: Նայի, թե ինձ ինչ վերնաշապիկ եմ առել: Սազում ա, չէ՞:

Սաթենիկն ապշած էր: Վաղուց է, ինչ նոր շորեր չուներ: Չէր էլ մտածում այդ մասին: Ի՞նչ էր անում տարատեսակ հագուստը: Ախր, հարևանի տանից այն կողմ չէր գնում: Ինչի՞ն էր պետք: Նա զարմացած ուսումնասիրում էր որդու գնումները, իսկ մտքում միայն մի հարց էր` «Որտեղի՞ց»:

— Բա փողը որտեղի՞ց, այ բալա, — վերջապես իրեն հավաքելով, հարցրեց Սաթենիկը:

— Մի հատ մարդ տվեց: Մնացել էր մեր հյուրանոցում, առավոտը գնալուց հարյուր եվրո էր թողել սեղանի վրա: Բախտս բերեց ե՛ս մտա սենյակը նայելու, ոչ թե Արմենը:

— Այ Դավիթ ջան, մոռացած կլինի: Էդքան մեծ գումարը ո՞վ կթողներ: Ով գիտի արդեն ետ ա եկել, որ ման գա: Իզուր ես վերցրել:

— Չէ, մամ, չէ, առխային: Շատ հարուստ մարդ էր: Առաջին անգամ չի նման բան անում:

Միայն այդ խոսքերից հետո Սաթենիկը կռացավ և բազմոցի վրայից վերցրեց իր համար գնված հագուստը:

— Ղսմաթ ա տղես, ղսմաթ ա: Բայց իզուր ես սենց ծախսել: Պահեիր, համալսարանի վարձի վրա դնեիր: Կարող ա շուտ հավաքեիր փողը ու կարենայիր գոնե էրկու օրը մեկ աշխատել:

— Է, մամ: Ի՞նչ ես ասում: Ջրի բերածը ջուրն էլ տանում ա: Փոխանակ ուրախանաս…

— Վայ, չէ, ուրախ եմ, Դավիթ ջան, ապրես բալես: Հպարտ եմ քեզանով, տղես:

Վաղուց մորն այդքան անկեղծ ժպտալիս չէր տեսել: Ու եթե մինչ այս կասկածում էր` ճիշտ էր ծախսել գումարը, թե` ոչ, հիմա համոզված էր, որ ճիշտ է վարվել:

Դեռ չէր հասցրել մարսել կատարվածը: Մի պահ, ու նա 100 եվրո ունի: Կարծում էր, թե այդպես միայն կինոներում է լինում: Իրեն լիարժեք էր զգում այժմ, ասես 100 եվրոն անսպառ էր: Միայն երբ առանձնացավ իր սենյակում, զգաց, որ, առաջվա պես, ոչինչ չունի: Ու եթե նա երեկ սովորական աղքատ էր, այսօր` գեղեցիկ հագուստներով աղքատ:

Մեծ գումար` ընդամենը վերնաշապիկն հանելու դիմաց: Գրողը տանի, նա պատրաստ էր երկու հարյուր անգամ հանել այդ անիծյալ վերնաշապիկը, միայն թե նորից վճարեին: Հետաքրքիր էր` այդ մարդը կրկին կզանգեր, թե՝ ոչ: Նա կարող էր միայն երազել այդ մասին: Արդեն որոշել էր` հաջորդ անգամ հաստատ հեռուստացույց էր գնելու: «Շյուղերի» աշխատակիցներն ու հարևանները հաստատ նախանձասրտությամբ էին նայելու իրեն: Սկսելու էին փսփսալ, թե որտեղից այդ խղճուկին այդքան փող: Չնայած, նրանք այժմ էլ սկսելու էին փսփսալ` տեսնելով իր նոր հագուստները: Եվ բոլոր նրանք, ովքեր կարծում էին, թե Դավիթը միայն նեղություն էր մոր համար, կիմանան, թե իրականում ինչ լավ որդի է: «Չէ, բայց ես իրոք բախտավոր եմ, — մտածեց Դավիթը, — ամեն մեկի հետ չի նման բան պատահում»: Ժպտաց: Թող մտածեն, ինչ ուզում են, այժմ նա էլ ունի իր փոքրիկ գաղտնիքը:

Конец ознакомительного фрагмента.

Оглавление

  • Սատանան մայրամուտին

* * *

Приведённый ознакомительный фрагмент книги Սատանան մայրամուտին предоставлен нашим книжным партнёром — компанией ЛитРес.

Купить и скачать полную версию книги в форматах FB2, ePub, MOBI, TXT, HTML, RTF и других

Смотрите также

а б в г д е ё ж з и й к л м н о п р с т у ф х ц ч ш щ э ю я